Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների հարցերով փորձագետ Երանուհի Թումանյանցը եւ Պաշտպանի աշխատակազմի Լոռիի մարզի գրասենյակի իրավաբան Արամայիս Մելքոնյանը երեկ` մայիսի 20-ին, հանդիպել են ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանին, ով զորամասում կրակել եւ սպանել էր Լյուքս Ստեփանյանին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՄԻՊ-ից:

Շարքային Ռաֆայելյանի հետ զրույցում զինվորը հավաստել է, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել, պահպանվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Խաչատրյանի հետ պայմանավորվածություն  է ձեռք բերվել նաեւ իրեն տրամադրել մեկ այլ փաստաբան:

Հիշեցնենք, որ նախօրեին որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին, որ ՊՆ աշխատակիցները խոչընդոտել էին Մարդու իրավունքների պաշտպանի մարզային աշխատակիցների մուտքը Լոռիի մարզի կայազորի Վանաձորի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան` հիմնավորելով, որ Լոռու մարզի կայազորի Վանաձորի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարան մուտք գործելու պահին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցները չեն ունեցել գրավոր որոշում, ինչը պայմանավորված էր խնդրի հրատապությամբ, արագ արձագանքելու անհրաժեշտությամբ եւ այցի` ոչ աշխատանքային ժամով:

Նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչն իրավունք ունի իր նախաձեռնությամբ անարգել այցելել զորամիավորումներ, ձերբակալման վայրեր, նախնական կալանք կամ քրեական պատիժ իրականացնող հիմնարկներ, ինչպես նաեւ հարկադրական պահման այլ վայրեր` դրանցում գտնվող անձանց դիմումներն ընդունելու համար:

Միաժամանակ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` պաշտպանն իրավասու է անարգել այցելել ցանկացած պետական հիմնարկ կամ կազմակերպություն, ներառյալ` զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման վայրեր, այդ թվում` նաեւ նախնական կալանքի եւ ազատազրկման վայրեր: Պաշտպանի գրավոր որոշմամբ վերոնշյալ լիազորությունները կարող են իրականացնել նաեւ Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները կամ փորձագետների խորհրդի անդամները:

Նման բազմաթիվ այցերի ընթացքում երբեւէ խոչընդոտներ չեն ստեղծվել որեւէ հաստատություն մուտք գործելու համար: Ավելին, խնդրի շուրջ բանակցություններ են վարվել Պաշտպանության նախարարության եւ վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ բազմիցս հավաստվել է Պաշտպանի աշխատակիցների լիազորված լինելու հանգամանքը: «Դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ զինվորը չի ենթարկվել դաժան վերաբերմունքի։ Միեւնույն ժամանակ, գտնում ենք, որ բոլոր տեսակի բռնությունների բացառման երաշխիքը գործընթացների թափանցիկության եւ բաց համագործակցության մեջ է»,- հայտնեցին ՄԻՊ-ից:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մայիսի 18-ին պետք է կայանար Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը, սակայն ծնողները որոշել էին Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու, նաեւ մտադիր էին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել: Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, քանի որ իրավապահները փակել են նրանց ճանապարհը: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ:

Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաները զինվորի հարազատների հետ միասին վերադարձել են նրա հայրենի գյուղ` Վերին Գետաշեն, որպեսզի մասնակցեն Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությանը: