Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 4 խմբակցություններ՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն միասնակամ են «Ընտրական օրենսգրքի» փոփոխման հարցում; Հիշեցնենք, որ «ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագծով ընտրություններից հետո պետք է հրապարակել ընտրողների ցուցակները:

Հանրապետական կուկացության տեսակետն արտահայտըող Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ ընտրողներն իրավունք ունեն գաղտնի պահել՝ գնացել են ընտրության, թե ոչ: Նրա խոսքով՝ դա համահունչ է նաեւ վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը:

ՀԱԿ-ի տեսակետը ներկայացրեց Արամ Մանուկյանը՝ ասելով, որ ցանկացած մարդ ի վիճակի է վերահսկել, թե ովքեր մտան ընտրատեղամաս, հետեւաբար՝ գաղտնիության խնդիր գոյություն չունի. «Գաղտնի քվեարկությունն ուրիշ սկզբունք է, մասնակցության գաղտնիությունը ուրիշ սկզբունք է»,- ասաց Ա. Մանուկյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու «Ժառանգության» նախագծին: «Վենետիկի հանձնաժողովը չի իմացել, որ մեր երկրում ընտրությունների օրը արտագաղթը հասցվում է զրոյական մակարդակի: Այո, հարգելով միջազգային կառույցների տեսակետները՝ մենք գտնում ենք, որ ընտրական համակարգի հանդեպ վստահության ինչ-որ մի տոկոս ունենալու համար ընտրացուցակները պիտի հրապարակվեն»:

Իր եզրափակիչ ելույթում նախագիծը ներկայացնող Ռուբեն Հակոբյանը բարկացած էր հանրապետական կուսակցության դիրքոշման վրա. «Գիտենք, որ դեմ եք քվեարկելու, ձեզ թվում է՝ քանակով կարող եք ճնշել, բայց ձեր վերջը վատ է լինելու»: