Ծնելիության մակարդակի աստիճանական նվազումը ժողովրդագրական լուրջ խնդիր է մեզնից ավելի հզոր ու հարուստ պետությունների համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա իր հայտարարությունում, մասնավորապես, ասել է.
«Հայաստանի պարագայում դրա հետեւանքներն անհամեմատ ավելի վտանգավոր են: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար: Կառավարության ծրագիրն առաջարկում է այն քայլերը, որոնք բազմիցս ապացուցել են իրենց անարդյունավետությունը:
Այդ փաստաթղթում առաջարկվում են քայլեր, որոնք կամ խիստ որոշակի են եւ նույնքան որոշակիորեն անօգուտ կամ խիստ վերացական են ու նույնքան թերի: Այսպես, երեխայի ծնվելու կապակցությամբ նախատեսվող միանվագ նպաստների համակարգը բազմիցս ապացուցել է իր անարդյունավետությունը՝ ծնելիությունը խթանելու գործում: Իսկ միջազգային փորձը, երկրում առկա միտումների իմացությունն ու պարզ տրամաբանությունը հուշում են, որ հայասանցիների վերարտադրողական վարքում դեռեւս ոչ ճակատագրական, սակայն կարեւորագույն փոփոխություններ են տեղի ունեցել:
Քաղաքական նման համեմատաբար կենսունակ միջամտության օրինակ է աշխատաժամանակի ճկուն համակարգի ներդրումը ողջ երկրում, ինչը հնարավորություն կընձեռի կանանց եւ տղամարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաների խնամքին` առանց տնտեսության եւ հասարակության համար բեռ դառնալու վտանգի:
Կարծում եմ նաեւ, որ անհրաժեշտ է նպաստել 35-ից բարձր տարիքի կանանց ծնելիության բարձրացմանը, դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիական, ենթակառուցվածքային եւ մշակութային փոփոխություններ կատարելու միջոցով: Անհրաժեշտ է օր առաջ միջոցներ ձեռնարկել երկրորդային անպտղություն առաջացնող մի շարք վարքագծային պատճառները վերացնելու եւ մեր կանանց ու տղամարդկանց համար իրավամբ չարիք դարձած այս երեւույթի դեմն առնելու համար:
Ծնելիությանը, կանանց եւ տղամարդկանց վերարտադրողական իրավունքների իրականացմանը նպաստելու քաղաքականությունը չպետք է դառնա պոպուլիզմի գերին: Հարցի գինն անչափ բարձր է: Սխալների համար թանկ ենք վճարելու: Վճարելու ենք բոլորս»:




























