ՀՀԿ-ն բացեիբաց դրժել է իր իսկ հրապարակայնորեն տրված խոստումները՝ առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արժեզրկում են Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը որպես ճշմարտության բացահայտման գործիք: Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանը հիշեցրել է, որ ՀՀԿ-ն դեկտեմբերի 3-ին հրապարակային երաշխիք է տվել, որ կհամաձայնվի հանձնաժողովի ստեղծմանը, եթե օրինագծից հեռացվեն քաղաքականացման տպավորություն առաջացնող դրույթները, եւ հարցի քննարկումը տեղափոխվի ընտրություններից հետո, նույնպես այն նպատակով, որ նախագահական ընտրությունների նախօրեին հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ:
«Մայիսի 20-ին, երկարատեւ բանակցություններից հետո, ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց իր իսկ հրապարակայնորեն տրված խոստումները՝ առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արժեզրկում էին հանձնաժողովը որպես ճշմարտության բացահայտման գործիք: Սրանով ռեժիմը ցույց տվեց, որ սարսափում է ճշմարտության բացահայտումից, եւ օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների միջոցով իր վրա վերցրեց մարտի 1-ի հանցագործության եւ նրա պարտակման ամբողջ պատասխանատվությունը»,- նշել է Զուրաբյանը եւ հավելել. «Ըստ էության՝ Հայ Ազգային Կոնգրեսը, ելնելով հանրության շահերից եւ ունենալով ընդդիմադիր այլ ուժերի աջակցությունը, առաջին անգամ ԱԺ-ում պայմանավորվածություն ձեռք բերեց ՀՀԿ-ի հետ: Վերջինիս պահվածքը, սակայն, ցույց տվեց, որ մենք գործ ունենք անսկզբունքային, սեփական խոսքը չհարգող, անհուսալի մի քաղաքական ուժի հետ: Հրապարակայնորեն տրորելով բարոյականության բոլոր նորմերը՝ ՀՀԿ-ն խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ ամբողջ հանրությանը, որի առջեւ պարտավորվել էր նպաստել Մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը»:




























