Էստոնիայի ներկայացուցիչները գտնվում են Հայաստանում, որպեսզի օգնեն նրան՝ դառնալ ժամանակակից եւ եվրոպական պետություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում նշեց Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Վեւկուրը:

Նրա խոսքով՝ Հայաստանում աշխատում են մի քանի էստոնացի մասնագետներ, որոնք իրենց երկրի փորձն են կիսում հայ մասնագետների հետ: Նրանց շարքում են ԵՄ կենտրոնի ղեկավար Էհտել հալիստեն, ինչպես նաեւ «Հայաստան. Էլեկտրոնակային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ղեկավար Իվար Տալլոն:

«Փորձի փոխանակումը այն փոքր մասն է, ինչ մենք կարող ենք անել այս տարածաշրջանին օգնելու համար: Այդ նպատակի համար մենք Տալինում Եվրոպական գործընկերության կենտրոն ենք ստեղծել փորձի փոխանակում անցկացնելու եւ մասնակից-երկրների համար թրեյնինգներ անցկացնելու համար»,-հայտարարել է նա:

Էստոնիայի արդարադատության նախարարն ընդգծել է, որ Հայաստանում հանդիպումների ընթացքում ինքը եվրոպական չափանիշների կողմը շարժվելու մեծ ցանկություն է տեսել: