«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ հարց բարձրացնում, թե գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված ԱԺ-ում կազմակերպվելիք քննարկմանը հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներն ինչո՞ւ ներգրավված չեն հրավիրյալների ցանկում:

«Ազգային ժողովի պաշտոնական լրահոսից տեղեկացել ենք, որ Ազգային ժողովում ս. թ. մայիսի 23-ին ժամը 18.00-ին գազի սակագնի սպասվող փոփոխության հետ կապված Ձեր նախաձեռնությամբ կազմակերպվելու է քննարկում, որին հրավիրվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, կառավարության ներկայացուցիչներ:

Որպես շահագրգիռ հանրություն եւ մտահոգ քաղաքացիներ, ցանկանում ենք տեղեկանալ, թե՝

1) հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ ինչո՞ւ ներգրավված չեն հրավիրյալների ցանկում,

2) արդյոք այդ քննարկումը բա՞ց է լինելու եւ ցանկացողները կարող են մասնակցել,

3) արդյոք ԶԼՄ-ների համար մուտքն ազա՞տ է:

Այնուամենայնիվ, առաջարկում ենք Ձեզ մայիսի 23-ին ժամը 18.00-ին նշանակված քննարկման ընթացքում մասնակից դարձնել նաեւ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,-ասված է նամակում:

ԱԺ լրատվական վարչության պետ Գոհար Պողոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, արձագանքելով նամակին, ասաց, որ քննարկումները լինելու են փակ ռեժիմով, որին հրավիրվելու են վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի նախագահ Արմեն Մովսիսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Նախատեսված է քննարկումն անցկացնել փակ ռեժիմով: Արդյունքում, եթե որոշվի անցկացնել խորհրդարանական լսումներ, ապա լսումները բնականաբար կլինեն բաց: Այդ դեպքում, թե հասարակական կազմակերպությունները, թե լրատվամիջոցները եւ բոլոր շահագրգիռ կողմերը ովքեր կցանկանան մասնակցել լսումներին կհրավիրվեն»,- ասաց Գոհար Պողոսյանը: