Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դատարանն ապացուցված է համարել, որ Ա.Մկրտչյանը իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը` բերանը, քթանցքները, եւ այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. մայիսի 7-ի դատավճռով` Ա.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով եւ դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով:

Դատավճռով` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով: