Գազի թանկացումը կանդրադառնա տնտեսության բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ տրանսպորտի: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Սակայն հարցին, թե ի՞նչ չափով տրանսպորտը կթանկանա, Գ. Բեգլարյանը հրաժարվեց կոնկրետ թվեր նշել, ասելով, որ նախարարությունում նման հարց չի քննարկվում: «Մինչեւ չիմանանք , թե երբ ու ինչքանով է թանկանալու գազը, ձեզ որեւէ կոնկրետ բան ասել չենք կարող»,- ասաց Գ. Բեգլարյանը:
Հարցին, թե երթուղայինների գծատերերը գերշահույթով են աշխատում, Գ. Բեգլարյանն ասաց, որ դա 90-ական թվականների վերջին էր, երբ «Գազել»-ները գնում էին 7-9 հազ. դոլարով: Իսկ ներկայումս «Գազել»-ներն արժեն 30 հազ. դոլար, հետեւաբար՝ գծատերերն, ըստ նախարարի, գերշահույթով աշխատելու հնարավորություն չունեն:




























