Սա հին-նոր կառավարության հերթական ծրագիրն է, որը գրեթե նույնությամբ կրկնում է մեկ տարի առաջ ներկայացվածը. միայն ցավով արձանագրեմ՝ շատ հավանական է, որ այս կառավարությունը այս  ծրագիրը նույնպես ձախողելու է: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը եւ որպես ասվածի ապացույց մի մեջբերում արել այդ ծրագրից. «Էներգակիրների ներմուծման գների հնարավոր բարձրացումը… կարող է զսպող ազդեցություն ունենալ… նաեւ ՀՆԱ-ի աճի տեմպերի վրա»:

«Մարտունակ, ապահով, անվտանգ, բարեկեցիկ, ազատ Հայաստան ունենալու ի՞նչ նախադրյալներ ենք ստեղծել եւ ինչպե՞ս ենք հասնելու այդ տեսլականին: Այս բոլոր բառ-բնորոշիչները, բնականաբար, կառավարության ծրագրից են: Թղթի վրա գրված»,-ասել է նա, նկատելով, որ «կյանքը բոլորովին այլ է՝ հոգեւոր, բարոյական ծանր մթնոլորտ, հուսալքություն, արտագաղթ, աղքատություն, հեռանկար չտեսնող երիտասարդություն, ամեն օր մի տեղ հուսահատ բռնկում»:

«Մենք միակ ճիշտն ենք, մենք պարտավոր ենք անընդհատ վերարտադրվել» մտածողությունն այլեւս սպառնում է ձախողել Հայաստանի պետականությունը: Այո, քաղաքական մեծամասնությունը կարող է հրահանգով միաձայն քվեարկել ու միանձնյա կառավարել: Բայց ո՞րն է նպատակը: Եթե թղթի վրա գրվածը, ապա ինչո՞ւ ենք անընդհատ հեռանում այդ նպատակից, ինչո՞ւ ենք  ազգերի, պետությունների մրցակցության մեջ անընդհատ  տանուլ տալիս»,-նշել է դաշնակցական պատգամավորը:

«Ակնհայտ է՝ ստեղծված անհեռանկար կացությունից ելք գտնելու թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է, որը եթե ճիշտ հետեւություններ չանի, հենց ինքն է փլուզելու խաղաղ, անցնցում զարգանալու մեր հնարավորությունը: Խնդրում եմ՝ մի մոռացեք՝  հաճախ անակնկալ անկումը գալիս է հենց այն պահերին, երբ իշխանությանը թվում է, թե բոլոր վտանգները հետեւում են մնացել, եւ ինքը բացարձակապես տիրապետում է իրավիճակին»,-ասել է նա: