Քաղաքական մեծամասնությունը կարծում է` անցած ընտրություններում ինքը ժողովրդի անվերապահ վստահությանն է արժանացել, իսկ մենք էլ վստահ ենք` իշխանությունը ուղղակի ջարդել է ընտրական համակարգը Հայաստանում, եւ ընտրություններով ոչինչ չի որոշվում: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը:
«Վերջին ընտրություններում ինձ համար երկու տիպական դրվագ կար. ցուցադրում են կադրեր, երբ ընտրական տեղամասում թաղի տղան աղմուկ, հայերեն՝ դեբոշ էր սարքել: Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստով չորս անձինք ուղղակի ի վիճակի չէին, չէին համարձակվում թաղի այդ տղային զսպել: Նա հարձակվում էր, գոռգոռում, երեք-չորս անգամ ներխուժում տեղամաս: Ոստիկանի համազգեստով անձինք, այսինքն՝ պետությունը, անզոր էր այդ տղայի առաջ:
Երկրորդ պատկերը՝ լրագրողները հարց են տալիս վարչապետին՝ ահազանգեր կան, որ ընտրակաշառք են բաժանում Հանրապետականը եւ ոչ միայն: Վարչապետն ասում է՝ հերյուրանք է: Խելացի պատասխան:
Երեւանի տասնյակ հազարավոր բնակիչներ ստացել են այդ ընտրակաշառքը, հազարավորները բաժանել են: Այդքան մարդ առնվազն գիտի, որ տվել ու ստացել է, գիտի՝ ինչն-ինչոց է: Իշխանությունն ասում է՝ հերյուրանք է: Խոսքի եւ իրականության այս հակասությունն է մեր կյանքի ճշգրիտ բնութագիրը:
Բայց այսօր արդեն սա էլ կարեւոր չէ. ոչ մենք ենք Ձեզ համոզելու, ոչ էլ Դուք եք հրապարակավ խոստովանելու, որ իշխանության վերարտադրությունը գերնպատակ է»,-ասել է նա:




























