Եթե վրացական դատարանը բավարարի դատախազության միջնորդությունը նախկին վարչապետ վանո Մերաբիշվիլիի վերաբերյալ, դա երկիրը նոր իրողության կհանգեցնի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Դատարանի որոշումը կայացվելու է այսօր` մայիսի 22-ին:

Ըստ Սահակաշվիլիի, Մերաբիշվիլիի կալանքը ոչ թե սովորական իրավական ակտ կլինի, այլ երկիրը նոր իրողության առջեւ կկանգնեցնի: «Այսօր շարքային ավտորիտար ռեժիմի տրանսֆորմացվելու վտանգ է առաջացել, ինչը, անխոս, երկիրը տարիներ հետ կնետի ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին հարաբերությունների առումով»,- ասելէ  Սահակաշվիլին:

Հիշեցնենք, Մերաբիշվիլին ձերբակալվել էր մայիսի 21-ին՝ 2012թ. զբաղվածության  պետական ծրագրի իրագործման նպատակով «Միասնական շարժման» կողմնակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու, ինչպես նաեւ Վրաստանի ՆԳՆ-ի միջոցները վատնելու գործով: Ձերբակալվել է նաեւ Կախեթիայի նահանգապետ, Վրաստանի առողջության եւ սոցապահովության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին: Ըստ Մերաբիշվիլիի փաստաբան Գեորգի Չիվաիշվիլիի՝ Մերաբիշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում։