Կենցաղում եւ արտադրության մեջ բնական գազի օգտագործումը որոշակի ռիսկերի հետ է նաեւ կապված: Պատահարները կանխելու համար «Հայռուսգազարդը» ձեռնամուխ եղավ բաժանորդների մոտ անվտանգության համակարգերի տեղադրմանը, որն ազդանշան է տալիս գազի արատահոսքի պարագայում: Սրա շնորհիվ հաշված տարիների ընթացքում կանխվել են ավելի քան 3,2 հազար գազի արտահոսքի դեպքեր:
Այս համակարգը, սակայն, մեկ թերություն ունի. գազի կոնցենտրացիան պետք է որոշակի մակարդակի վրա լինի, որպեսզի ազդանշանը միանա: Եթե, օրինակ, բնակարանը օդափոխվում է, ապա սարքը գազի արտահոսքի ժամանակ կարող է նաեւ չգործել:
Վերոնշյալ տարբերակին լրացնող եւ լավագույ միջոցներից է բնական գազին հոտավետ նյութ խառնելը, ինչը թույլ է տալիս հեշտությամբ իմանալ գազի արտահոսքի մասին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված «Հայռուսգազարդ» ընկերության հայտում նշվում է, որ սակագնի բարձրացման մեջ հաշվի է առնվում նաեւ հոտավետ նյութի ձեռք բերումը: Ըստ ընկերության տեղեկատվության` այդ նյութի առաջին խմբաքանակն արդեն գնվել է:
Նշվում է, որ տարեկան կպահանջվի մոտ 23,3 տոննա համապատասխան քիմիական նյութ, որի արժեքը մոտ 36,5 մլն դրամ կկազմի, այսինքն մեկ տոննայի համար` մոտ 1,5 մլն դրամ:
Հաշվարկները ցույց են տալիս, որ 1խմ գազի դեպքում հոտավետ նյութի արժեքը կկազմի 0,025 դրամ: Եթե շարքային քաղաքացին ամսական սպառում է 100 խմ գազ, ապա հոտավետ նյութը նրա վրա կարժենա ընդամենը 2,5 դրամ: Ծախսը խորհրդանշական է, սակայն անվտանգության ապահովման առումով արդարացված:




























