Հայաստանի ՊՆ N   զորամասի  զինծառայող 25-ամյա Արմեն Հ.-ն Վանաձոր քաղաքի «Լճեր» կոչվող տեղանքում  Իջեւան քաղաքի բնակչուհի Հայկուհի Զ.-ի ձեռքը ոլորելով մատից հանել է մոտ 35 հազար դրամ ընդհանուր արժողության մեկ ոսկյա եւ մեկ արծաթյա մատանիները եւ հարվածելով նրան՝ դիմել փախուստի: Լոռիի մարզի  ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա  Արմեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ N   զորամասի ջոկի գնդացրորդ, կոչումով շարքային, Վանաձոր քաղաքի «Լճեր» կոչվող տեղանքում կատարել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն, որը զուգորդվել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով:

Մասնավորապես, նա Իջեւան քաղաքի բնակչուհի Հայկուհի Զ-ի ձեռքը ոլորելով մատից հանել Է 35.100 ՀՀ դրամ ընդհանուր արժողության մեկ ոսկյա եւ մեկ արծաթյա մատանիները, որից հետո մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա գլխին եւ դիմել փախուստի:

Քրեական գործ է հարուցվել 176   հոդվածի 2 –րդ մասի  4-րդ կետով` կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել մայիսի 14-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: