Մոսկվայում մայիսի 23-ին բացվում է միջազգային «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովը, որի կազմակերպիչը ՌԴ պաշտպանության նախարարությունն է: Հիշեցնենք, գիտաժողովին մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Գիտաժողովի նպատակը առկա խնդիրների քննարկումն է եւ Եվրոպայում հավասար անվտանգությունն ապահովելու հարցում փոխադարձ ընդունելի որոշումներ գտնելը, ասված է ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:
Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 300 մարդ: Հրավիրված են ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներ:
Լիագումար նիստերում ելույթներով հանդես կգան Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը, ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարներ Լամբերտո Զանիերը եւ Նիկոլայ Բորդյուժան, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ռոուզ Գոտեմյուլլերը, նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է «Ռազմավարական մշակույթի հիմնադրամը»:
Գիտաժողովից առաջ ֆրանսիացի գործընկեր Ժան Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ընթացքում Սերգեյ Շոյգուն, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է, որ եվրոպական անվտանգության գիտաժողովի մասնակիցները լուրջ եւ լուծումը չգտնված բարդ հարցեր կքննարկեն:
«Շատ լուրջ եւ լուծում չգտած խնդիրներ են ծագել: Դրանք են՝ Հյուսիսային Աֆրիկան, Սիրիան, Մալին, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի դուրսբերումը: Հուսով եմ, կարող ենք այս ամենը քննարկել այստեղ», - ասել է Շոյգուն:



























