Եթե ներկա իրավիճակը մերժում ենք, պետք է հասկանանք, թե ինչով ենք ցանկանում այն փոխարինել եւ անցումը ինչպես ենք կազմակերպելու: Այս մասին այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նախախորհրդարանի» քարտուղար Ալեք Ենիգոմիշյանը։
«Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ինչ Հայաստան ենք ուզում եւ ինչ ճանապարհով ենք տեսնում այն կյանքի կոչելու հնարավորությունը»,- ասաց նա: Ենիգոմիշյանի խոսքով՝ անընդունելի է եւս հինգ տարի սպասել փոփոխությունների հասնելու համար, քանի որ այդ տարբերակով երկիրը հալվում մաշվում է: «Ասել «Սերժ մարդասպան» եւ դրան զուգորդել բիրտ ուժի կիրառումը եւ ապստամբումը` գրոհը Բաղրամյան-26-ի վրա, դա խնդիրը չի լուծի եւ արկածախնդրություն կդիտվի: Հայաստանում անկայուն իրավիճակ ստեղծելն ընդունելի չէ, հատկապես աշխարհաքաղաքական իրավիճակը հաշվի առնելով»,- ընդգծեց բանախոսը:
Նա ասաց, որ աստիճանաբար հավասարակշռություն փոխելն է, որը կբերի նոր արժեհամակարգի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























