Ժիրայր Սեֆիլյանն ապացուցել է բովանդակային առումով առաջնորդ լինելու իրողությունը, բայց այս դեպքում, նա «Նախախորհրդարանի» առաջնորդող խմբի մաս է կազմում: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նախախորհրդարանի» քարտուղար Ալեք Ենիգոմշյանը։

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցությանը, նա ասաց, որ «Ժառանգության» առաջնորդն իր կենսագրությամբ, խարիզմայով նախագահական ընտրություններում ստացավ ժողովրդի վստահությունը, ինչն իր վրա մեծ պատասխանատվություն է դրել: «Մենք՝ համագործակցելով Րաֆֆի Հովհաննիսյանի  հետ, ասել ենք, որ խնդիրը ոչ միայն ընտրությունների եւ երդման օրն է լուծվել, այլ աշխատանքի եւ պայքարի ծրագիրը պետք է սկսել հետընտրական զարգացումներից հետո: Ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանը չանսաց կամ չցանկացավ անսալ մեր խորհուրդներին եւ ունեցանք այն ապրիլի 9-ը, որ ունեցանք»,- ասաց բանախոսը:՝ հավելելով, որ այդ ամենից հետո «Նախախորհրդարանն» իր վրա պարտավորություն չի զգում նրա հետ պայքարը շարունակելու հարցում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am