Թուրք գործիչ, ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագետ, քրդական հարցի կարգավորման համար Էրդողանի կողմից «Իմաստունների հանձնաժողովում» ընդգրկված Բասքըն Օրանը բնակչության հետ հանդիպումներից մեկի ժամանակ Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին անվանել է կիսաֆաշիստ։

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ քրդական հարցի կարգավորման նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Իմաստունների հանձնաժողովի» էգեյան հատվածի պատասխանատու խմբի անդամները Մուղլա նահանգում հանդիպել են բնակչության հետ՝ խոսելու քրդական հարցի կարգավորման ընթացքի եւ կարեւորության մասին։ 

Բասքըն Օրանը, խոսելով PKK-ի դեմ պայքարում թուրք զինվորների եւ քուրդ զինյալների զոհերի թվի մասին, Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին անվանել է կիսաֆաշիստ, ինչին խիստ են արձագանքել դահլիճում ներկա գտնվողները։

Սակայն հանդիպման վարողի խնդրանքով Բասքըն Օրանը շարունակել է իր խոսքը։

NEWS.am-ը, հիշեցնում է, որ Բասքըն Օրանը 2008-ին Թուրքիայում «Ներեցեք մեզ, հայեր» ինտերնետ ստորագրահավաքի կազմակերպիչներից էր: «Ներեցեք մեզ, հայեր» ակցիային ինտերնետով միացան Թուրքիայի ավելի քան 30 հազար քաղաքացիներ։