Երեխաների բուժօգնությունը վճարովի դարձնելու խնդիր չկա, չի էլ եղել, չի էլ կարող լինել, որովհետեւ մայրության, մանկության խնդիրը մեր երկրի առաջնահերթությունների շարքում է, որեւէ մեկը չի կարող մինչեւ այդ տարիքի երեխաների բուժումը սահմանել վճարովի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` անդրադառնալով երեխաների բուժօգնությունը վճարովի դարձնելու լուրերին:
Նա նշեց, որ թյուրիմացությունը եղել է այն բանի հետ կապված, երբ նախկինում 0-7 տարեկան երեխաներին տանում էին բժշկական հասատատություն, որոշ խնդիրներից ելնելով, իրավունք չունեին հերթագրել, պարտավոր էին պառկացնել, բայց այդ հարցը կանոնակարգեցին եւ այն երեխաները, որոնց հիվանդությունը կարող է նաեւ սպասել, թույլ տվեցին հերթագրել եւ բուժումը կանոնակարգված կատարել,«միգուցե այդ հարցն է խնդիր առաջացրել»:
Նախարարը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ հավաքվել էր բոլոր մանկական հիվանդանոցների ղեկավարներին, նաեւ` ակնաբուժական հիվանդանոցների ղեկավարներին: Նրանք նախարարին տեղեկացրել են, որ խոսքը վերաբերել է հետազոտությանը, նշանակել են մի քանի օր հետո մոտենալ եւ հետազոտել, ծնողը ասել է` թե պատրաստ է վճարել, ինքն էլ իր համաձայնությունը ֆիքսել է: «Այդ դեպքից հետո արգելել եմ նույնիսկ ծնողների համաձայնությամբ այդ գործողությունները կատարել»,- ասաց Դերենիկ Դումանյանը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ խմբակցության կողմից պարբերաբար բարձրացվող Հայաստան սերմնահեղուկ ներկրելու հարցին, ապա Առողջապահության նախարարը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ 2011թ ամուսինը բնակվել է Ավստրալիայում, կինը` Երեւանում, նրանք որոշել են այդ ընթացքում երեխա ունենալ, ամուսինը Անգլիայի միջոցով սերմնահեղուկը ուղարկել է Հայաստան, նրան կատարել են արհեստական բեղմնավորում, ուրիշ որեւէ նման դեպք չի արձանագրվել: «Խնդիրը պարզաբանվեց եւ Արծվիկ Մինասյանը գոհ մնաց պարզաբանումից»,- նշել է նախարարը:











