Բոսթոնի ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող Ջոհար Ցարնաեւի ձայնը վերականգնվել է եւ նա իր կալանավորումից հետո առաջին անգամ զանգահարել է մորը՝ Դաղստան, հաղորդում է New York Post-ը:
«Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, վերքերս լավանում են, ամեն ինչ Աստծո ձեռքում է: Համբերիր, ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Ցարնաեւը մորը՝ 6-րոպեանոց զրույցի ժամանակ:
Ցարնաեւի մայրը՝ Զուբեյդաթը, Bloomberg-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրեն խոստացել են, որ որդին ամսական մեկ անգամ կզանգահարի իրեն: Մոր խոսքով՝ իր որդին, ում «կենդանու նման պահում են փակի տակ», շոկի մեջ է եւ իրենց երկուսի համար էլ դժվար էր շփվել իրար հետ:
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես մեղադրանք էին ներկայացրել Ջոհար Ցարնաեւին, ով կասկածվում է Բոսթոնի մարաթոնի ժամանակ պայթյունների կազմակերպման մեջ:
Ջոհար Ցարնաեւի գործով դատական լսումները նշանակված են հուլիսի 10-ին:




























