Հանգուցյալ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին գաղտնի օրագիր էր պահում Մեծ Բրիտանիայի Ասքոթ վայրի իր տանը: Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին պատմել է նրա նախկին թիկնապահը: Թերթը վերջինիս անունը չի հրապարակում, հայտնի է միայն, որ նախկին թիկնապահն իսրայելցի է, լավ տիրապետում է ռուսերենին եւ օլիգարխի մոտ աշխատել է հինգ տարի:
Զրույցի ընթացքում խոսել են երկու տարի առաջ լույս տեսած Սաշա Ներոզինայի «Ռուս օլիգարխի գաղտնի օրագիրը» գրքի մասին, որտեղ գլխավոր հերոսը գաղտնի գրի է առնում իր մտքերն ու զգացմունքները: Այն հարցին, թե ուներ Բերեզովսկին նման օրագիր, զրուցակիցը պատասխանել է. «Այո, Բորիս Աբրամովիչն ուներ օրագիր, որի մասին քչերը գիտեին»: Օլիգարխի մահից հետո այդ օրագիրն, ըստ թիկնապահի, անհետացել է:
ԿՊ-ի զրուցակիցը պարզաբանել է, որ Բերեզովսկին հաճախ է հյուրընկալվել իր նախկին կնոջ՝ Գալինա Բեշարովայի տանը (Ներոզինան նրա ընկերուհին է), որտեղ էլ ինքնասպան էր եղել: Նա ենթադրում է, որ քանի որ Բերեզովսկին վստահում էր իր նախկին կնոջը, կարելի է ենթադրել, որ հենց նրա տանն էլ պահել է օրագիրը:
Բորիս Բերեզովսկիի մարմինը հայտնաբերվել էր մարտի 23-ին՝ իր կնոջ` Բերքշիրում գտնվող առանձնատան լոգարանում:




























