Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, այսօր՝ մայիսի 30-ին, ընդունել է Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելիին եւ նշել, որ կարեւորում է բնապահպանության ոլորտում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Հարությունյանը ասել է, որ դեռեւս 1995թ. սկսված սերտ համագործակցությունը ծավալվել է տարբեր ուղղություններով՝ հատկապես ընդգծվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացված համատեղ գործունեությունը, «Թվինինգ» ծրագրի իրականացումը, «Արփի լիճ» անդրսահմանային ազգային պարկի ստեղծման ծրագիրը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այս տարվա փետրվարի 26-28-ին նախարարի Գերմանիա կատարած այցի արդյունքներին: Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ խոսել «Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համատեղ հռչակագրի շրջանակներում կատարվող աշխատանքների մասին:
Անդրադարձ է կատարվել Գերմանական վերակառուցման բանկի (KfW), Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (GIZ), գերմանական Բնության պահպանության եւ կենսաբազմազանության միություն (NABU) կազմակերպությունների եւ միջազգային WWF-ի հետ ակտիվ համագործակցությանը:
Դեսպանն իր հերթին նույնպես բարձր է գնահատել Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը, եւ նախարարին է ներկայացրել գերմանական Արդյունաբերական վառարանների եւ հրակայուն շինարարության ընկերությունը (IFZW), որը զբաղվում է արդյունաբերական թափոնների այրմամբ, ինչպես նաեւ համագործակցելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, ոչնչացնում է բժշկական թափոնները ու ժամկետանց դեղամիջոցները:
Այդ կազմակերպության գործունեության շրջանակներում դեսպանն անդրադարձել է Նուբարաշենի թունավոր նյութերի պահեստավայրի առկա խնդիրներին, հայտնել է գերմանական կողմի պատրաստակամությունը Հայաստանին աջակցելու վերաբերյալ:
Մորելիի խնդրանքով նախարար Հարությունյանը ներկայացրել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ապահով չեզոքացման ծրագրի ընթացքի մասին: Նախարարի տեղեկացմամբ՝ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:
Նախարար Հարությունյանը նշել է, որ հարցը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է: «Ներկայումս քննարկվում են թունաքիմիկատների ոչնչացման 2 տարբերակ՝ ոչնչացումն իրականացնել Հայաստանում կամ թունաքիմիկատները Հայաստանից արտահանելով՝ թունաքիմիկատների ոչնչացումն իրականացնող համապատասխան հզորություններ ունեցող երկրում»,-նշել է Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ թունաքիմիկատների ոչնչացման տարբերակն ընտրելուց հետո կհայտարարվի մրցույթ՝ գործընթացն իրականացնելու կազմակերպությունն ընտրելու համար:
Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին հրավիրել է համատեղ այց կազմակերպել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որեւէ մեկը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել դեսպանի կողմից:
Կողմերը պայմանավորվել են նաեւ ակտիվ հանդիպումների միջոցով ավելի ակտիվացնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում:



























