Լատվիայի սեյմը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ ընդունել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրենքի փոփոխությունը, որն արգելում է ծնողներին ծխել երեխաների ներկայությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լատվիայի խորհրդարանի մամուլի ծառայությանը:

Ընդունված փոփոխություններն ընդլայնում են  երեխաների նկատմամբ գործադրվող զգացմունքային եւ ֆիզիկական բռնության հասկացությունները: Այդպես «ֆիզիկական բռնություն» սահմանման տակ հասկացվում է կյանքի կամ առողջության համար վտանգավոր ուժի կիրառում, ինչպես նաեւ երեխային գիտակցված կերպով արտաքին գործոնների ազդեցությանը ենթարկելը, որոնցից մեկն էլ ծխախոտի ծուխն է: 

Պատգամավոր Ինարա Մուրնիեցեն հույս է հայտնել, որ  խորհրդարանի ընդունած փոփոխությունները կստիպեն մարդկանց մտածել երեխաների առողջության մասին եւ գիտակցել  ծխելու բացասական ազդեցությունը:  Ըստ պատգամավորի՝ փոփոխությունը չի ենթադրում, որ ծխող հայրը կամ մայրը զրկվելու են ծնողական իրավունքներից: