Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը եւ նորաստեղծ «Մադրիդի հայեր» համայնքային ասոցիացիան կազմակերպել միջոցառում` նվիրված Առաջին հանրապետության տոնին:

Մադրիդահայության եւ հայ ազգի բարեկամ իսպանացի մտավորականների առջեւ ներածական խոսքով հանդես է եկել Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը եւ համայնքային նոր կառույցի նախագահ Կարեն Մարդանյանը:

Միջոցառմանը ներկայացվել են փաստագրական նյութեր, ցուցադրվել է վավերագրական ֆիլմ, որին հետեւել է համայնքային ուժերով կազմակերպված համերգը:

Մայիսի 28-ին Բեյրութում ՀՅԴ նախաձեռնությամբ Բուրջ Համուդի «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 95-ամյակին: Հանդիսությանը ներկա էին Լիբանանի հայազգի ներկա եւ նախկին  նախարարներ, պատգամավորներ,  պետական պաշտոնյաներ, քաղաքական եւ հոգեւոր այրեր, հայ համայնքի տարբեր կառույցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերից հետո ցուցադրվել է մայիսի 28-ի խորհրդին նվիրված տեսաերիզ: Ապա ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա նշել է, որ մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի միասնականության, անպարտելիության ոգու եւ կամքի դրսեւորում էին:  Դեսպանը ընդգծել է, որ թեեւ հայրենազրկման, հնամյա մշակույթի ոչնչացման փորձերի,  իր հանդեպ կատարված ոճրագործությունների, հայ ժողովրդին  ուղեկցել է անկախության եւ անկախ Հայաստանի տեսլականը, որ մարմնավորում է ազատությունը, մարդկային ու ազգային արժանապատվությունը: Նա համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, նվիրումով եւ համերաշխությամբ ի վիճակի է լուծելու իր առջեւ դրված ամենաբարդ խնդիրները:

Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ դոկտոր Փոլ Հայդոստյանն իր ելույթում նշել է, որ համայն հայության զինվորագրվելու երեւույթը նպաստել է, որպեսզի իրականանա ժողովրդի ազատ ապրելու կոչումն ու իրավունքը: Նա կոչ է արել «ականջալուր լինել սարդարապատյան զանգերի ղողանջին, որպեսզի հանրապետություն կերտելու աստիճանի հասած ժողովուրդն իր Սփյուռքով եւ ազատ անկախ Հայաստանի Հանրապետությամբ շարունակի ամրապնդել անկախությունը եւ արժանապատվորեն պահպանել հայ ազգային ինքնությունը»:

Լիբանանի ԱԺ պատգամավոր Հակոբ Բագրատունին իր ելույթում անդրադարձել է Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման պայմաններին, մթնոլորտին, դժվարություններին եւ իրագործումներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am