Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Մերկելն Օլանդին անվանել է Ֆրանսուա Միտերան, որը հանրապետությունը ղեկավարել է 1981-1995թթ.:
«Այն թեմաները, որոնց ուղղությամբ մենք աշխատում ենք, արդեն թվարկվեցին Ֆրանսուա Միտերանի կողմից. խոսքը մրցունակության աճին նպաստելն է, զբաղվածության մակարդակի աճը, տնտեսական աճի տեմպերի ավելացումը: Բնականաբար, երիտասարդության շրջանում գործազրկության խնդրին հիմնական ուշադրությունն է դարձվում», - ասել է Մերկելը: Ֆրանսիայի նախագահը սխալը չի նկատել, քանի որ թարգմանիչն ուղղել է կանցլերի վրիպումը:
«Ֆրանսուա Օլանդը, ոչ թե Ֆրանսուա Միտերանը», - մի ակնթարթ հետո ինքն իրեն ուղղել է Մերկելը: Ֆրանսիայի նախագահը ժպտացել է:
Ելիսեյան պալատում ֆրանսիացի եւ գերմանացի առաջնորդների հանդիպումը նվիրված էր հունիսի վերջին կայանալիք ԵՄ-ի գագաթաժողովի նախապատրաստմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























