Հունաստանում վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորած խոշոր «Նոր ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել ցեղասպանության եւ հոլոքոստի հերքումը քրեականացնող օրինագիծ:
Օրինագիծը քրեական պատիժ է նախատեսում Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանության կամ հոլոքոստի եւ նացիզմի հանցագործությունների հավանության կամ սխալ գնահատման համար, որոնք դատապարտվել են միջազգային կամ հունական դատարանի կողմից: Նրանք, ովքեր կանխամտածված հրապարակավ, բանավոր կամ մամուլի, համացանցի կամ որեւէ այլ միջոցով կսատարեն կամ կթերագնահատեն ցեղասպանության, հոլոքոստի եւ նացիզմի հանցագործությունների ծանրությունը, կպատժվեն երեք ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկմամբ, կամ էլ կտուգանվեն 5-ից մինչեւ 20 հազար եվրոյով: Իրավաբանական անձինք կարող են տուգանվել 10-100 հազար եվրո գումարի չափով եւ 1-6 ամսով զրկվել հանրային աջակցության ցանկացած տեսակից (գրանտ, օգնություն եւ այլն):
Նմանատիպ պատիժ է նախատեսված նաեւ նրանց համար, ովքեր հրահրում կամ որեւէ այլ կերպ բռնության կամ ռասայի, մաշկի գույնի, կրոնի, ծագման, ազգային պատկանելության պատճառով ատելության կոչեր են անում, ինչպես նաեւ նրանց, ովքեր մասնակցում են ռասիստական ակցիաների կազմակերպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ 1994թ. Հունաստանի խորհրդարանը ճանաչել էր պոնտոսցի հույների ցեղասպանությունը, 1996թ.՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, 1998թ.՝ Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:



























