Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ-ից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի զարգացմանը՝ ԱԺ փոխնախագահը այս հարցում կարեւորել է բարեկամական խմբերի առավել ակտիվ ու արդյունավետ աշխատանքը, պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակումն ու դրանց հետեւողական իրագործումը:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ հավաստիացնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է բոլոր ժողովուրդների հետ խաղաղ գոյակցության կողմնակից: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը, նրա հավաստմամբ, հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ Հայաստանի այս դիրքորոշումը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:
Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Յաննիս Դրաղասակիսը բարձր է գնահատել Հայաստանի խաղաղասիրական ու կառուցողական քաղաքականությունը, հատկապես վերջին տարիներին ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում արձանագրած հաջողությունները, ինչը, նրա գնահատմամբ, ավելի լուրջ հիմքեր է ստեղծում երկու եղբայր ժողովուրդների ու պետությունների հետագա համագործակցության ակտիվացման համար: Նա հավաստիացրել է նաեւ, որ Հունաստանը պատրաստակամ է՝ աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:



























