The Guardian-ը, The Times-ը, Microsoft-ը, Twitter-ը, Google-ը, Facebook-ը եւ Yahoo-ն նամակ են հղել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյին: Նրանք բողոքում են կառավարության ծրագրի դեմ` թույլատրել ոստիկանությանը հետեւել էլեկտրոնային նամակներին, սոցցանցերին եւ օգտատերերի որոնումների պատմությանը, հաղորդում է International Business Time-ը:
Բողոքող ընկերությունների ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ նման նախաձեռնությունը բացում է «քաոտիկ աշխարհի» դռները, որտեղ կառավարությունը փորձում է իր կանոնները պարտադրել ընկերություններին:
Թերեզա Մեյի խոսքով, նման միջոցներն անհրաժեշտ են ահաբեկչության դեմ պայքարի համար: Օրինագծի պատճառներից մեկը Վուլվիչում անցած շաբաթ զինվորի սպանությունն էր: Ըստ օրինագծի, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հետեւելու են քաղաքացիների նամակներին, սոցցանցերում նրանց նամակագրությանը, այդ թվում` Skype-ում:
«Բրիտանական հասարակությունը սպասում է, որ մենք` քաղաքական գործիչներս հավասարակշռություն սահմանենք ժողովրդավարության, ազատության եւ ազատական արժեքների ու անվտանգության միջեւ, որը նրանց անհրաժեշտ է»,- ասել է վարչապետի ներկայացուցիչը, հաղորդում է «Գազետա.ru»-ն:




























