Ղրղըզստանի վարչապետ Ժանտորո Սաթիբալդիեւը  բանակցում է «Կումտոր» ոսկու հանքում բողոքի ցույց անցկացնողների հետ, որոնք պահանջում են ազգայնացնել ոսկու խոշորագույն հանքը:  Ըստ  24kg.org-ի`նախքան վարչապետի ժամանումը  ոստիկանները մաքրել են  դեպի հանք տանող ճանապարհը:

Բողոքողների հետ հանդիպման ժամանակ Սաթիբալդիեւը հայտնել է, որ «Կումտորը» պետք է աշխատի, քանի որ Ղրղըզստանում այլընտրանքային ձեռնարկություններ չկան: 

Վարչապետը ներկայացրել է Իսսիկ-Կուլի մարզում կառավարության նոր  լիազոր ներկայացուցիչ Տոկոն Մամիտովին եւ կարծիք հայտնել, որ մարզում կոնֆլիկտը ծագել է Իսսիկ Կուլի Զարգացման հիմնադրամի անարդյունավետ աշխատանքի պատճառով, հայտնում է  «Կաբարը»: Նախկին լիազոր ներկայացուցիչ Միրբեկ Ասանակունովը հեռացվել է պաշտոնից, քանի որ չէր կարողացել կայունացնել մարզի իրավիճակը: Մամիտովը նախկինում ղեկավարել է Պետական սահմանային ծառայությունը: 

Այսօր` հունիսի 1-ին, վերականգնվել է հանքավայրի էլեկտրամատակարարումը: Այդ մասին  «Կաբար» գործակալությանը հայտնել է Ջեթի-Օգուզսկ շրջանի  պարետ, Ղրղըզստանի ներքին գործերի փոխնախարար Բաքթիբեկ Ժուսուբալիեւը: Նշենք, որ բողոքողներն արդեն երկու անգամ հոսանքազրկել էին հանքը, երկրորդ անգամ՝  մայիսի 31-ին:

Տարածաշրջանում անկարգությունները սկսվել էին երեք օր առաջ, երբ տեղի բնակիչները փակել էին «Կումտոր» հանք տանող ճանապարհը։ Նրանք ներդրողներից սոցիալական փաթեթ էին պահանջում մոտակա ավանների բնակիչների համար, շրջանային հիվանդանոցի համար նոր շենքի կառուցում, բնապահպանական նորմերի պահպանում եւ հանքի արդյունահանմամբ զբաղվող կանադական ընկերության հետ պայմանագրի խզում։

Անկարգությունների հետեւանքով 55 մարդ տուժել էր, որոնցից 13-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ։ Ղրղըզստանի նախագահը տարածքում արտակարգ դրություն էր հայտարարել։ Երկրի կառավարությունը անկարգությունների հետեւանքով  հասցված վնասը 1,4 մլն դոլար է գնահատել։