Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Սինգապուրի համաժողովում իր ելույթի ժամանակ Պեկինին կիբերլրտեսության մեջ է մեղադրել:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դա ասել է այն բանից հետո, երբ չինացի գեներալը նրան հարցրել է, թե արդյոք Ասիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության աճը Պեկինի աճող հզորությանը դիմակայելու փորձ է, գրում է The Washington Post-ը:

Ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարը նախօրոք պատրաստած ելույթում նշել է, որ կիբերտարածք ներխուժելու սպառնալիքի աճը մտահոգում է Նահանգներին: Ըստ նրա՝ չինական զինված ուժերը եւ կառավարությունը կապ ունեն այդ սպառնալիքներից որոշների հետ:

Չակ Հեյգելը Չինաստանին առաջարկել է համագործակցել կիբերանվտանգության ոլորտում՝ ընդգծելով, որ չին-ամերիկյան աշխատանքային խմբի ստեղծմամբ ԱՄՆ-ն եւ Չինաստանը, որոնք աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեն, կխորացնեն այդ ոլորտում երկխոսությունը: