Երեւանի հետ երկխոսության ողջ ընթացքում Թուրքիան իրեն միշտ հաշիվ է տվել, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար միայն հայ-թուրքական կարգավորումը բավարար չէ: Այդ մասին «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» հանդեսում հրապարակված իր հոդվածում գրում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով, «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի „զավթումը“, որը պատճառ դարձավ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության, բարդացրեց համագործակցությունը Կովկասում՝ տարածաշրջանային եւ համապարփակ առումներով»:
«Առաջընթացը, որ վերջերս ձեռք բերվեց Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի բանակցություններում, շատ կարեւոր է հակամարտության կարգավորման համար, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմը դեռ զգալի եւ հստակ արդյունքներ չի բերել»,- կարծում է Դավութօղլուն:
Իր հոդվածում նա միաժամանակ նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի կազմում է նաեւ Թուրքիան, միակ միջազգային գործիքն է, որ ի վիճակի է կոնկրետ քայլեր կատարել տարաձայնությունների հաղթահարման եւ խաղաղ կարգավորման հասնելու գործում:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս փուլից՝ Դավութօղլուն ընդգծել է, թե Թուրքիան չի կորցնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հույսը:
Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրման փաստը դիվանագետն անվանել է «նախադեպ քայլ երկու հարեւան ժողովուրդներին իրարից բաժանող իրավական եւ հոգեբանական արգելքները հաղթահարելու ուղղությամբ»:
Սակայն, ըստ Դավութօղլուի՝ Անկարան համոզված է, որ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացը պետք է լրացվի եւ զարգանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ կոնկրետ քայլերով: «Միայն համապարփակ կարգավորման դեպքում կարող ենք պահպանել հաշտեցման մթնոլորտը եւ վերացնել առկա արգելքները: Եւ դա, իհարկե, քաղաքական կամք եւ տղամարդկություն է պահանջում»,- ամփոփել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «մոռացել» է, որ ղարաբաղյան հակամարտության պատճառ են դարձել ոչ թե հայկական զինված ուժերի կողմից մեր տարածքների ազատագրումը, այլ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ազատ ինքնորոշվելու արդար իրավունքի նկատմամբ Ադրբեջանի դրսեւորած նախնադարյան վայրենի բռնությունները։ Հիրավի եւս մի ապացույց, որ թուրքերը պատմությունը կեղծելու գործում պրոֆեսիոնալիզմի են հասել։




























