Անկարայից հնչող հայտարարություններն ու նախապայմանները միայն խոչընդոտում են հայ-թուրքակա հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրամիության գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նախարարը հույս է հայտնել, որ Թուրքիան, ի վերջո, կկարողանա ազատվել արհեստական բարդույթներից, եւ կողմերը կարող են շարունակել գործընթացը՝ համաձայն նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների:
ԵՄ գործող նախագահը, իր հերթին ընդգծել է ողջամիտ ժամկետներում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կարեւորությունը: «Եթե արձանագրությունները ստորագրվել են, դրանք պետք է կյանքի կոչվեն»,- նկատել է նա: Ընդ որում Մորատինոսը ողջունել է Անկարայի կառուցողական դիրքորոշումը հարեւանների նկատմամբ:
Խոսելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին՝ Մորատինոսը նկատել է, որ իր նախագահության ժամանակ կշարունակվի երկխոսությունը Անկարայի հետ այդ հարցում: Նա հայտնել է, որ հանդես է գալիս Թուրքիայի անդամակցության օգտին, եւ դա բխում է ողջ տարածաշրջանի շահերից, քանի որ Թուրքիան լուրջ տարածաշրջանային խաղացող է: Մորատինոսը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան անպայման կդառնա ԵՄ անդամ, եթե կատարի անհրաժեշտ բարեփոխումները:




























