Մարտի 2-ին Երեւանում Հայաստանի եւ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ` վարչությունների ղեկավարների մակարդակով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում քաղաքական երկխոսության օրակարգի, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության եւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր: Կողմերն ընդգծել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շարունակականության անհրաժեշտությունը:

Քննարկումների ընթացքում մտքեր են փոխանակվել արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Շոշափվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները: