Թուրքիայի Նեւշեհիրի համալսարանի ռեկտոր Ֆիզիլ Քըլիչը հայտարարել է, որ 2009-ին իրենք դիմել են Թուրքիայի բարձրագույն կրթության խորհուրդ եւ ստացել թույլտվություն իրենց համալսարանում բացելու հայոց լեզվի եւ գրականության, ինչպես նաեւ եբրայերեն, հունարեն եւ արաբերեն լեզուների ուսումնասիրման բաժիններ: Ռեկտորը նշել է, որ թույտվություն ստանալուց հետո իրենց աշխատանքները արագացել է, եւ 2010-ին Ադրբեջանից ժամանող մասնագետների շնորհիվ կգործեն հիշյալ բաժինները:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` Նեւշեհիրի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Մեթին Հուլագուն նշել է, որ այդ բաժինների բացումով կլուծվեն Թուրքիայում առկա մասնագետների պակասի խնդիրը: «Մեր այս քայլով հարաբերություններում առկա լարվածությունը կթեթեւացնենք: Ամենակարեւորը` սրանով կլուծենք Թուրքիայում հիշյալ մասնագիտությունների գծով պակասը: Եթե արխիվները բացվեն` ովքե՞ր են ուսումնասիրելու: Դրանք ուսումնասիրելու համար անհրաժեշտ են մասնագետներ»,-նշել է Հուլագուն:

NEWS.am-ը հիշեցնում է, որ Նեւշեհիրի համալսարանի բանսիրության ֆակուլտետի դեկան Մեթին Հուլագուն դեռեւս 3 տարի առաջ հայտարարել էր, որ ցանկանում են իրենց համալսարանում բացել հայոց լեզվի եւ գրականության բաժին, ունենալ մասնագետներ եւ դրանով պայքարել հայկական կողմի «պնդումների» դեմ: