Մենք ցանկանում ենք մեր բարեկամական ձեռքը մեկնել հայ ժողովրդին եւ վերադարձնել Հայաստանն Էստոնիայի եւ հարեւան երկրների տեղեկատավական տարածք: Դարեր շարունակ հայ եւ էստոնացի ժողովուրդներին կապել են փոխադարձ շահերը եւ անկեղծ բարեկամությունը եւ դա մեզ բաժանող հազարավոր կիլոմետրերի առկայության դեպքում:  Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Բոլորս դեպի Երեւան» ժողովրդական դիվանագիտության միջոցառման կազմակերպիչ Մյեելիս Կուբատսան:

Դեռեւս հունիսի 12-ի առավոտյան առաքելության շրջանակում Տալինից երկու չարտերային չվերթ է ժամանել  Երեւան, որում եղել է ավելի քան 360 մարդ: Նրանց շարքում է Տալինի փոխքաղաքապետ Կալլե Կլանդորֆը, ով ջերմորեն ողջունել է բոլորին, նշելով. «Այս իրադարձությունը կարեւոր նշանակություն ունի երկու ժողովուրդների պատմության մեջ եւ կմավորի մեզ»:

Իր հերթին, Էստոնիայի խորհրդարանի անդամ Իգոր Գրազինը նշել է, որ իրենք Հայաստան են եկել ոչ որպես պետական պատվիրակներ, այլ որպես սովորական էստոնացիներ, իսկ այցի նպատակը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդումն է: