Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգ մտնող հայկական բանաձեւի հետ կապված կրկին հանդես է եկել սպառնալից ոճի հայտարարությամբ:

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, թե իրենք արդեն ԱՄՆ-ում ունեն տարբեր պատվիրակություններ, որոնք ներկայացրել են Թուրքիայի քայլերը` հայկական օրինագծի ընդունման դեպքում:

«Մենք հուսով ենք, որ օրինագիծը հանձնաժողովում չի անցնի, եւ սպասում ենք ԱՄՆ վարչակարգի համապատասխան ուղերձին: Եթե այն ընդունվի հանձնաժողովում, այնուհետ պետք է քվեարկվի նաեւ Կոնգրեսի կողմից: Աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության ապահովմանը այդքան աջակցություն ցույց տված երկրի կողմից նման անհանգստացնող որոշում ընդունելը խելամիտ դիրքորոշում չէ: Սա պետք է բոլորը իմանան եւ աչքի առաջ ունենան: Հուսով ենք, որ հանձնաժողովի անդամները նման սխալ չեն անի:

Անհրաժեշտ է, որ հանձնաժողովի անդամները նախ մտածեն Թուրքիա-ԱՄՆ եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ապագայի մասին՝ մինչ որոշում ընդունելը: Պետք չէ այդ հարցերում ինչ որ բան թեսթի ենթարկել:

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը այս պահին պատմության մեջ ամենալայն համագործակցության շրջանն է ապրում եւ մի քանի ուղղություններով հարաբերությունները շարունակվում են:

Թուրքիա-Հայաստան հարաբերությունները վերջին մեկ տարվա մեջ ամենալավ մակարդակին են հասել եւ ստորագրվել են փոխադարձ արձանագրություններ:

Ցավոք Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որը հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն: Եվ նման պայմաններում ներկայացնել նման օրինագիծ` ո՛չ քաղաքական, ո՛չ էլ էթիկայի առումով խելամիտ չէ: Այս շրջանում հայկական օրինագիծը կվնասի համագործակցությանը»-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը եւ ավելացրել, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրել` նշանակում է լավ չճանաչել Թուրքիային",- հոխորտացել է Դավութօղլուն:

Հայ-թուրքական արձանագրությունները վիժեցրած ու դեռ մի հատ էլ այն դրոշակ դարձրած Թուրքիայի ԱԳ նախարարը վախեցնում է հայ-թուրքական ու թուրք ամերիկյան հարաբերությունների վատացմամբ (թեեւ հայ-թուրքական պարագայում այդ հարաբերությունները երբեք էլ լավ չեն եղել, որ հիմա էլ վատանային) էթիկայի դասեր է տալիս ԱՄՆ-ին՝ միլիոնավոր անմեղ հայերի արյունը դեռ իր ճակատից չմաքրած։ Հիրավի, այդ ազգի ցինիզմը սահմաններ չի ճանաչում։