Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսում շատ կարեւոր հարց է։ Սակայն դժվար է ասել՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսն այն կընդունի՞, թե՞ ոչ։ Մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն։ Նշենք, որ այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը։

Ուկրիաինայի դեսպանը անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նշեց, որ դրական վերաբերմունք ունի արձանագրությունների նկատմամբ։

«Մենք գիտակցում ենք, որ հաշտեցմանը գործընթացը բավականին բարդ է, եւ թե՛ հայկական, թե ՛ թուրքական կողմը զգալի ճանապարհ պետք է անցնի»,-նշեց Բոժկոն՝ հավելելով, որ լավատեսորեն է տրամադրված եւ հավատացած է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջիվերջո կկարգավորվեն։