Սերբիայում Կոսովոյի առաջին ներկայացուցիչ Լուլզիմ Պեցին (Lulzim Peci) հունիսի 20-ին հրաժարական է տվել այդ պաշտոնից՝ ընդամենը երկու օր աշխատելուց հետո:
Դեսպանն իր հրաժարականի պատճառ է նշել Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությունը, որին դուր չէր եկել Բելգրադում դիվանագետի առաջին ելույթը: Թաչին ելույթը որակել էր որպես Սերբիայի կողմից բացասական վերաբերմունք հրահրող, իսկ Պեցիին մեղադրել էր լիազորությունները գերազանցելու համար, գրում է The New York Times-ը:
Պեցին հայտնել է, որ Թաչին քննադատել է իր այն խոսքերը, որ Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն միայն այն բանից հետո, երբ Բելգրադը ճանաչի Կոսովոյի անկախությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, դիվանագետին մեղադրել են մամուլի հետ շփվելիս սերբերենով խոսելու, Բելգրադում պաշտոնյաների հետ չարտոնված բանակցությունների եւ սեփական քաղաքական հայացքներն արտահայտելու համար, հայտնում է B-52-ը:
Սերբիան եւ Կոսովոն հունիսի 17-ին առաջին անգամ այսպես կոչված «կապի սպաներ» էին փոխանակել՝ ներկայացուցիչներ, որոնք կոչված էին աշխատել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու եւ միմյանց կառավարությունները Պրիշտինայում ու Բելգրադում ներկայացնելու ուղղությամբ:




























