Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, պատրաստվելով G8-ի գագաթաժողովի իր ելույթին, չէր կարող ենթադրել, որ իր հաշվետվությունը որեւէ մեկին կհիշեցնի սիրելի երաժշտության մասին: Հենց դա էլ տեղի է ունեցել գագաթաժողովի ժամանակ, երբ Բարաք Օբաման երեք անգամ դիմել է բրիտանացի պաշտոնյային, նրան անվանելով «Ջեֆրի»: Նշենք, որ Ջեֆրի Օսբորնը ռիթմ-ն-բլյուզ ոճի հայտնի երգիչ է:

Բրիտանացի վարչապետը չի ուղղել Օբամային, սակայն վերջինս գլխի է ընկել, որ սխալվել է եւ պետք է ներողություն խնդրի. «Ես շատ ցավում եմ: Երեւի ես շփոթել եմ Ձեզ իմ սիրելի ռիթմ-ն-բլյուզ երգչի հետ»,-ասել է նա:

Բրիտանական լրատվամիջոցները չէին կարող շրջանցել այդ սայթաքումը, հատկապես, որ դրա մասին հայտնել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, գրում է Sky News-ը:

Հեռուստաալիքը նույնիսկ մեկնաբանություն է վերցրել 65-ամյա երգիչ Ջեֆրի Օսբորնից:

«Ես չգիտեի, որ ԱՄՆ նախագահն այդքան տարված է իմ արվեստով, որ ֆինանսների նախարարին անվանել է Ջեֆրի Օսբորն: Հաղորդեք նախարարին, որ երբ ես գամ, մենք կարող ենք միանալ եւ դուետ երգել»,-ասել է երգիչը:

Սրան արձագանքելն է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, Twitter-ի իր բլոգում գրելով հետեւյալը. «G8-ի անսպասելի ձեռքբերումը. առաջարկ դուետով երգել լեգենդար Ջեֆրի Օսբորնի հետ: Ջեֆ, դուք նման առաջարկ չէիք անի, եթե լսեիք իմ երգեցողությունը», հաղորդում է  NEWSru.com-ը: