Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է մամուլի հրապարակումներին, ըստ որի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Известия в Украине» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա»։
«Նովոստի Արմենիա»-ի հարցին, թե օրերս «Известия в Украине» թերթում հրապարակվել էր Բելառուսի նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձևակերպումներ էին արվել, մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում «նորմալ կյանք չկա», Շավարշ Քոչարյանը հայտարարել է հետեւյալը.
«Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձևակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական այցի ընթացքում Բելառուսի նախագահը «Известия в Украине» թերթին հարցազրույց չի տվել»:




























