Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է կտտանքները եւ խոշտանգումները, ապօրինի ձերբակալությունները, ինչպես նաեւ առանց դատ ու դատաստան մահապատիժները Լիբիայի բանտերում, որոնք վերահսկվում են Մուամար Քադաֆիի դեմ ապստամբության մասնակից հեղափոխական ջոկատների կողմից: Մամուլի հաղոդագրության մեջ ԱԽ-ի անդամները կոչ են արել անուշադրության չմատնել այդ խախտումները:
«ԱԽ-ի անդամները դատապարտել են Լիբիայում բանտարկյալների կտտանքները եւ նրանց հետ դաժանաբար վարվելու դեպքերը: Նրանք ընդգծել են, որ կտտանքները եւ խոշտանգումները Լիբիայում անթույլատրելի են», - ընդգծվում է տեքստում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԱԽ-ն լսել էր Լիբիայում հատուկ ներկայացուցիչ Տարեկ Միտրիի զեկույցը, որը հայտնել էր, որ Լիբիայի բանտերի մեկ երրորդը հեղափոխական ջոկատների վերահսկողության տակ են: Ըստ Միտրիի` Լիբիայում առանց մեղադրանքների առաջադրման ընդհանուր առմամբ 7-8 հազար մարդ է գտնվում բանտերում:
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները ընդունած հայտարարությունում ընդգծել են «բռնության բոլոր տեսակների» մերժումը եւ երկխոսության ճանապարհով հակասությունների կարգավորումը:




























