Հունիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի երկրորդ նիստը, որին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ-պետությունների ԶՈւ-ի գլխավոր շտաբերի հրամանատարները եւ կազմակերպության գերագույն քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ինչպես հաղորդել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունում, նեղ եւ ընդլայնված կազմերով կքննարկվեն կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության սպառնալիքներին եւ մարտահրավերներին եւ ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Կքննարկվի նաեւ ՀԱՊԿ ձեւաչափում հետագա ռազմա-քաղաքական ինտեգրման զարգացումը:

Ռազմական կոմիտեի անդամները կդիտարկեն մինչեւ 2020թ նախատեսված ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության  զարգացման հիմնական ուղղությունների պրակտիկ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, կոլեկտիվ անվտանգության տարածաշրջաններում ՀՕՊ միասնական համակարգերի ստեղծումն ու կատարելագործումը, ինչպես նաեւ ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգում դրանց ինտեգրման միջոցները: Միջոցառման մասնակիցները կքննարկեն նաեւ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների տեսչական ստուգման իրականացման կարգը, որը պետք է իրականացվի 2013-ի համար նախատեսված ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքների ծրագրին համապատասխան: