Հնդկաստանի հյուսիսային Ութարաքհանդ ու Հիմաչալ-Պրադեշ նահանգներում ջրհեղեղների ու սողանքների զոհերի թիվը հասել է 207-ի, հայտնում է  NDTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 182 զոհերի մասին:

Իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ տեղումների նվազումից հետո, հնարավոր է, ավելի շատ զոհեր հայտնաբերվեն:

Ութարաքհանդի իշխանական շրջանակների աղբյուրը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ, հնարավոր է, նվազագույնը հինգ հազար մարդ զոհված լինի: Երկուշաբթի օրը կրկին անձրեւներ են սպասվում, ինչը կդժվարացնի փրկարարական աշխատանքները:

Այս տարի Հյուսիսային Հնդկաստանում, այդ թվում՝ Դելիում,  անձրեւների շրջանը բավական վաղ է սկսվել: Ամենաառատ տեղումները հունիսի 17-ին են գրանցվել: Գանգեսն ու դրա վտակները վարարել են եւ սողանքների պատճառ դարձել:

Ամենից շատ տուժել է Ութարաքհանդը, որտեղ հնդիկների համար սրբազան մի քանի տաճարներ կան: Տասնյակ հազարավոր ուխտավորներ գործնականում արգելափակված են մնացել կամուրջների փլուզման եւ ճանապարհը փակվելու պատճառով:  Սողանքները սրբել տարել են ուխտավորների հանգստի համար նախատեսված մոտ 90 հատուկ կացարաններ:

Աղետյալ գոտում է հայտնվել նաեւ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Ռիշիքեշ քաղաքը: Տարհանվել եւ ժամանակավոր ճամբարներում տեղակայվել է 33 հազար մարդ: Մի քանի հազար մարդ դեռեւս օգնության է սպասում:

Բնապահպանները հայտարարում են, որ հյուսիսային նահանգներում աղետն այդպիսի ծավալների է հասել անտառապատ տարածքների կրճատման, ամբարտակները վատ նախագծման եւ տները սողանքային գոտիներում կառուցելու հետեւանքով: