Անգլիական BBC-ն մեղադրել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին՝ Թուրքիայում BBC-ի թղթակցին ահաբեկելու եւ թիրախ դարձնելու մեջ։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ BBC-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ անհանգստություն է պատճառում այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները շարունակում են հարվածել BBC-ի անվտանգությանը եւ թղթակիցներին թիրախ են դարձնում։
«Թուրքիայում բողոքի գործողություններին հետեւող մեր թղթակիցը հայտնվել է Անկարայի քաղաքապետի ուղղակի թիրախի տակ։ Քաղաքապետը մեր թղթակցի անունը հայտնել է սոցցանցերում, որից հետո նրա հասցեին մեծ թվով սպառնալիքներ են հնչում:
BBC-ի կազմում գտնվող բոլոր լրագրողները սկզբունքորեն անկախ եւ անկողմնակալ են։ Անընդունելի է BBC-ի թղթակցին այսկերպ ահաբեկելու եւ թիրախավորելու հանգամանքը»,-ասված է BBC-ի տարածած հայտարարության մեջ։



























