ԵՄ-ն որոշում է կայացրել շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ` կապված վերջինիս անդամակցության խնդրի հետ, սակայն այդ բանակցությունների մեկնարկը հետաձգվել է` Թուրքիայում բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելու պատճառով: Այս մասին հունիսի 25-ին հաղորդել է ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի պաշտոնական ներկայացուցիչը` Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ նիստի ժամանակ:

«ԵՄ-ն կողմ է 22-րդ գլխի քննարկմանը, որը նվիրված է տարածաշրջանային քաղաքականությանը: Բանակցությունների մեկնարկը նախատեսվում է աշնանը»,-ընդգծել է նա:

Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին է հաղորդել եվրոպական աղբյուրը, «ԵՄ-ն կշարունակի ուշադրությամբ հետեւել այդ երկրում իրադարձությունների զարգացմանը, մասնավորապես` մարդու իրավունքների պահպանմանն ու հանրահավաքների ազատության ապահովմանը»: Նա հասկացրել է, որ այդ բանակցությունների վերջնաժամկետը կարող է փոփոխվել` կախված Թուրքիայում իրավիճակի զարգացումից:

Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ԵՄ երկրների` բանակցությունները վերսկսելու որոշումը; Այս կապակցությամբ Ահմեդ Դավութօղլուն ուշադրություն է դարձրել այն կարեւոր հանգամանքին, որ բանակցային կետը բացվում է` առանց հետագա սառեցման հնարավորության:

Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցային գործընթացը մեկնարկել է 2005թ հոկտեմբերի 3-ին: Սակայն Եվրոպայի առաջադրած պահանջներին համապատասխանելու համար Թուրքիան պետք է լուծի մի շարք խնդիրներ, այդ թվում` Կիպրոսի ճանաչումը, քրդական հարցը, 1915թ Հայոց ցեղասպանության ճանաչումը: