Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, որի առթիվ հունիսի 26-27-ին, Երեւանում  մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) եւ «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Կազմակերպությունների անդամների եւ ակտիվիստների մասնակցությամբ հունիսի 26-ի առավոտյան կանցկացվի քայլերթ եւ պիկետ` 10.30-ին` ՀՀ Ոստիկանության, 11.45-ին` Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի եւ 12.30-ին`ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ վճռաբեկ դատարանի առջեւ:

Նույն օրը` ժամը 18.30-ին, Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փող. հատման տարածքում տեղի կունենա «Խոշտանգումը հանցագործություն է» ֆլեշ մոբ ակցիա, որի նպատակն է գրավել հանրային ուշադրությունն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառմանը:  Հունիսի 27-ին, ժամը 14։00-ից 17։00-ը, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Խոշտանգումներից զերծ մնալու եւ վերականգնման իրավունք - 2013» խորագրով համաժողով, որի կազմակերպիչներն են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն եւ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Համաժողովին կքննարկվի խոշտանգումների կիրառման անթույլատրելիությունը, կներկայացվեն Հայաստանում խոշտանգումների կանխարգելման հնարավորությունները եւ քայլերը, ինչպես նաեւ խոշտանգման զոհերի բուժման եւ հոգեբանական վերականգման ոլորտում պետական եւ հասարակական կազմակերպությունների միջեւ հնարավոր համագործակցության ձեւերը: Համաժողովին հրավիրված են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ: