ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել Ռուսաստանից արտահանձնել ԿՀՎ աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ով հայրենիքում մեղադրվում է գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ:
Քերրին Մոսկվային կոչ է արել հանդարտություն ցուցաբերել՝ նկատելով, որ Վաշինգթոնը ընդհարման չի ձգտում: Նրա խոսքով, Սնոուդենի հանձնումը գործընթաց է, որում ոչ մի աննորմալ բան չկա, քանի որ դուրս չի գալիս օրենքի շրջանակներից: «Մենք ոչ ոքի ոչինչ չենք հրամայում, մենք պարզապես հարցում ենք անում սովորական ընթացակարգով»,- ասել է նա, հաղորդում է AFP-ն:
Պետքարտուղարության ղեկավարը խոստովանել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովը ֆորմալ առումով ճիշտ էր, երբ ասում էր, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ արտահանձման համաձայնագիր չի գործում: Սակայն, ըստ Քերրիի, փախստականին արդարադատությունից խուսափելու գործում օգնելը չի բխում Մոսկվայի շահերից: Նա նշել է, որ չնայած համաձայնագրի բացակայությանը ԱՄՆ-ը վերջին երկու տարում Ռուսաստանին է հանձնել յոթ մարդու:
Ավելի վաղ Լավրովն ասել էր, թե Մոսկվան կապ չունի Սնոուդենի հետ, եւ վերջինս չի հատել ռուսական սահմանը:


























