ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել), հունիսի 24-ին կայացել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձեւաչափով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013թ. գնահատման զեկույցը:

Հայաստանի ԱԳ փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական գործընկերության գործողությունների հաջորդ ծրագրի (2014-2015թթ.) նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի զարգացումները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՆԱՏՕ-ի օժանդակությամբ իրականացվող ռազմական կրթության ծրագրերի մասին՝ շեշտելով Հայաստանում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ նոր ծրագրեր նախաձեռնելու կարեւորությունը: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններին հայ խաղաղապահների մասնակցության հարցերին:

Այնուհետեւ ելույթներով հանդես են եկել Դաշինքի պատվիրակությունների ներկայացուցիչները, որոնք բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում եւ իրենց աջակցությունն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 25-ին հանդիպել են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելի են ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին: