Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Մինչ այդ ԼՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու երկկողմ, ապա ընդլայնված կազմով բանակցությունները, որին հաջորդել է երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Մասնավորապես, ստորագրվել են՝ ՀՀ կառավարության եւ ԼՀ կառավարության միջեւ միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ ԼՀ մաքսային ծառայության միջեւ մաքսային իրավախախտումների դեմ պայքարի եւ գործընկերային հարաբերությունների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ԼՀ գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, ՀՀ բնապահպանության նախարարության եւ ԼՀ բնապահպանության նախարարության միջեւ բնապահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ մտադրությունների մասին հռչակագիր:

Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բրոնիսլավ Կոմորովսկին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:

Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել: Հուշամատյանում իր ստորագրությունը թողնելուց հետո, Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահի հետ ծաղիկներ է դրել եւ հարգանքի տուրք մատուցել նաեւ լեհահայ ընտանիքից սերող Յադվիգա Զարուգիեւիչի հուշատախտակին: Լեհաստանի ազգային խորհրդանիշը համարվող գերեզման-հուշահամալիրում հիշյալ հայուհին, ում որդին եւս զոհվել է պատերազմում, այդ պատվին է արժանացել այն պատճառով, որ 1925թ. հոկտեմբերի 29-ին նրան է տրվել Վարշավայում հուղարկավորելու նպատակով անհայտ զինվորի աճյունն ընտրելու նախապատվությունը:

Հանրապետության նախագահն այցի առաջին օրը հանդիպում է ունեցել նաեւ Լեհաստանի Սենատի նախագահ (մարշալեկ) Բոգդան Բորուսեւիչի եւ վարչապետ Դոնալդ Տուսկի հետ: Սերժ Սարգսյանը մասնակցել է Վարշավայում հայկական պուրակի անվանակոչման եւ խաչքարի օծման արարողությանը եւս:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին երեկոյան կմասնակցեն հայ-լեհական գործարար համաժողովի փակման արարողությանը:

Ավելի ուշ ի պատիվ պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա գլխավորած պատվիրակության՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու անունից կտրվի պաշտոնական ընթրիք: