Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռեւս միայն շուկա է եւ ոչ թե արժեհամակարգ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ասուլիսում:
Վերջինիս խոսքով, ցավոք, մեր տարածաշրջանում դեռեւս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արեւելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: «Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռեւս միայն շուկա է եւ ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարեւանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից»,- նշել է Սարգսյանը:
«Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա եւ հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը եւ հրաժարվում է 21-րդ դարում հարեւանների միջեւ այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միեւնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք եւ հստակ գնահատական»,- նշել է Հայաստանի նախագահը:




























