ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը առեւտրի նախարարի պաշտոնում հաստատել է միլիարդների կարողություն ունեցող 54-ամյա Փեննի Փրիթցքերի թեկնածությունը: Փրիթցքերի նշանակմանը կողմ են քվեարկել 97 սենատորներ, դեմ՝ միայն մեկը:
Մայիսի սկզբին միլիարդատիրուհու թեկնածությունն առաջարկել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Փրիթցքերի ընտանիքը ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքներից է եւ Hyatt հյուրանոցների համաշախարհային ցանցի սեփականատերը: «ԱիՖ»-ը գրում է, որ Փրիթցքերը նախագահական քարոզարշավի ժամանակ Բարաք Օբամայի օգտին նվիրատվություններ է հավաքել:
Ըստ Forbes-ի հաշվարկների` նրա կարողությունը կազմում է 1,85 միլիարդ դոլար: Ըստ ամսագրի` ամենահարուստ ամերիկացիների ընդհանուր վարկանիշում նա 277-րդ տեղն է զբաղեցնում:
Առեւտրի նախկին նախարար Ջոն Բրայսոնը հրաժարական էր տվել նախորդ տարվա ամռանը` առողջական վիճակի պատճառով:




























